National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
14.07.2022
Մեր երկրում գնաճն այդքան բարձր չէ. այս տարվա ընթացքում միջինը շուրջ 9 տոկոս է կազմել. Գեւորգ Պապոյան
1 / 14

Վերջին մեկ տարվա ընթացքում տեղի է ունեցել գնաճի արագացում: Մի շարք երկրներում եւ, ընդհանրապես, ամբողջ աշխարհում գները շարունակում են աճել: Մեր երկրում գնաճն այդքան բարձր չէ. այս տարվա ընթացքում միջինը շուրջ 9 տոկոս է կազմել: Այս մասին ասել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը հուլիսի 14-ին հրավիրված հանձնաժողովի արտահերթ նիստում: Ըստ նրա` թեեւ Ազգային ժողովը սահմանել է որոշակի թիրախներ, սակայն իրավիճակի բարելավում չի նկատվում:

Հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է «Գնաճը, արդի խնդիրները եւ լուծման ուղիները» հարցը: Քննարկմանը ներկա են եղել գործադիր եւ օրենսդիր մարմինների, ինչպես նաեւ գործարար հանրույթի ներկայացուցիչներ:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մանրամասն ներկայացրել է գնաճային իրավիճակը մեր երկրում: Ըստ նրա` Կենտրոնական դրամատունն իրականացրել է նպատակադրված ցածր գնաճային քաղաքականություն: Համավարակով պայմանավորված` 2020 թ. վերջից գները բարձրացել են: Երկրորդ գործոնը, որն ազդել է գների աճի վրա` ռուս-ուկրաինական հակամարտությունն է: ԿԲ նախագահի հավաստմամբ` համաշխարհային հացահատիկի շուրջ 30 տոկոսն արտադրում են Ռուսաստանը եւ Ուկրաինան: «Եթե դրսում ցորենի գինը թանկանում է, այն անմիջապես ազդում է մեր գների վրա»,- ասել է ԿԲ նախագահը:

Մարտին Գալստյանը նշել է, որ գնաճը փոխել է նաեւ մարդկանց վարքագիծը. մարդիկ սկսել են ավելի շատ պարենային ապրանքներ գնել: Պահանջարկի բարձրացումը նույնպես նպաստել է գնաճին:

Կենտրոնական դրամատան ղեկավարի հավաստմամբ` ԿԲ-ն 2020 թ. կանխատեսել է գնաճը, այդ պատճառով բարձրացել է տոկոսադրույքը, ինչը որոշ չափով մեղմել է գնաճի արագացումը: «2021 թ. նոյեմբերին գնաճը 9.6 տոկոս էր, սակայն մեր իրականացրած քաղաքականության արդյունքում փակեցինք 7.7 տոկոսով»,- նշել է Մարտին Գալստյանը:

Վերոնշյալ երկրներից ներհոսքի հետեւանքով արտարժույթը նվազել է, իսկ դրամը` արժեւորվել:

ԿԲ նախագահը մտահոգություն է հայտնել այն հանգամանքի առնչությամբ, որ բարձրացել են վարձակալության, ինչպես նաեւ մի շարք ծառայությունների գները, որոնք երկար տարիներ անփոփոխ գներով էին ծառայություն մատուցում: Ըստ նրա` սպառողական զամբյուղի պարենային ապրանքների կեսից ավելիի գները բարձրացել են: Նա նշել է, որ այս հարցում ԿԲ-ն մեծ անելիք ունի եւ առաջին արված քայլն այն է, որ Կենտրոնական դրամատան խորհուրդն անփոփոխ է թողել տոկոսադրույքը:

Մարտին Գալստյանը փաստել է, որ ՀՀ կենտրոնական բանկը գնաճը բերելու է 4 տոկոսի մակարդակի:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը բոլորին` թե' օրենսդիր ու գործադիր մարմիններին, թե' գործարար հանրույթի եւ ԶԼՄ ներկայացուցիչներին, հորդորել է հետեւել Կենտրոնական բանկի վարած դրամավարկային քաղաքականությանը եւ աջակցել կառույցին:

Նա նաեւ նշել է, որ այս տարվա 5 ամիսների ընթացքում արձանագրվել է 10.2 տոկոս տնտեսական ակտիվություն, իսկ Կառավարության վարած հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում 6 ամիսների ընթացքում ավելի շատ հարկեր են հավաքագրվել:

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանն անդրադարձել է պարենային շուկայի խնդիրներին: Ըստ նրա` շուկան է կարգավորում գները: «Տարածաշրջանային որոշ երկրներ, գնաճը կանխելու նպատակով, փորձել են միջամտել գնային քաղաքականությանը, ինչը հանգեցրել է, այսպես կոչված, սեւ շուկաների ստեղծմանը»,- ասել է ՏՄՊՊՀ նախագահը: Նա նույնպես անընդունելի է համարել արհեստական գնային կարգավորումները:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանն առաջարկել է սուբսիդավորել արտահանող ընկերություններին, ինչի առնչությամբ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ Կառավարությունը կոլեգիալ մարմին է, եւ հարցը նախ պետք է լուծվի գործադիր իշխանությունում, ապա ներկայացվի օրենսդիր մարմնին:

Բանախոսները պատասխանել են նաեւ ԱԺ պատգամավորների հարցերին: Գնաճի եւ պահանջարկ-առաջարկի վերաբերյալ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին ի պատասխան` ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշել է, որ վերջին 16 տարվա ընթացքում ԿԲ-ն ամեն ինչ արել է, որ գնաճը մնա 4 տոկոսի սահմաններում, արտահանողների խնդիրների լուծման համար Կենտրոնական դրամատունը շուրջ 300 մլն դոլար է ձեռք բերել շուկայից:

Գեւորգ Պապոյանի հարցն առնչվել է կարագի եւ բենզինի գների բարձրացմանը: ՏՄՊՊՀ նախագահը տեղեկացրել է, որ կարագի գինը վերադարձել է նախկին մակարդակին, իսկ դիզվառելիքի մանրածախ իրացման գինն ավելացել է շուրջ 40 տոկոսով:

Նա կարեւոր է համարել պետության նկատմամբ հանրության վստահության վերականգնումը, ինչի ուղղությամբ կատարվում են բոլոր անհրաժեշտ քայլերը:

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը շեշտադրել է Կառավարության կողմից կապիտալ ծախսերի լիովին կատարման անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը եզրափակիչ ելույթում ՀՀ ԿԲ նախագահին հորդորել է Կենտրոնական դրամատան գործիքակազմի շրջանակում գնաճը բերել միջնաժամկետ հատվածի թիրախին, եւ զսպել բոլոր այն ռիսկերը, որոնք առկա են:

«Պետք է հնարավոր լավագույնն անել տնտեսության համար»,- ասել է Գեւորգ Պապոյանը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am